Armenian    Russian    English

վեբ հանդեսում shoushi.am -ում
     Գլխավոր էջ | Նկարներ | Արխիվ | Ծրագրեր | Մեր մասին | Հետադարձ կապ
Դ. Գ. Քերթմենջյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Շուշի քաղաքի մահմեդական պաշտամունքային կառույցների հորինվածքային առանձնահատկությունները

Փաստորեն մահմեդական ճարտարապետության` վերը նշված կառույցները երանգավորվում են նաեւ ըստ մահմեդական մշակույթի տարածքային դպրոցների, որոնցից յուրաքանչյուրը սերում է համաշխարհային մշակույթի հին հարստություններից (*6) : Դրանք են` Միջին Արեւելքի կամ սիրիական դպրոցը, եգիպտական դպրոցը, միջագետքյան եւ պարսկական դպրոցը, մավրիտանական եւ անդալուզյան դպրոցը, միջինասիական դպրոցը, հնդկական դպրոցը, սելջուկյան եւ օսմանական դպրոցը: Նշված դպրոցները սկզբունքորեն իրարից տարբեր են իրենց ծավալատարածական լուծումներով եւ ունեն պատմամորֆոլոգիական կազմավորման ուրույն ակունքներ: Հայկական եւ կովկասյան տարածքները, գտնվելով նշված մշակույթների հանգուցակետում, ունեն յուրահատուկ ծավալատարածական ձեւեր: Դա հատկապես ընկալելի է հայկական քաղաքներում եղած մահմեդական կառույցների առանձնահատկություններում: Փաստորեն, հայկական ճարտարապետությունը մահմեդական ճարտարապետության հետ ռեակցվել է եւ արաբական, եւ սելջուկյան, եւ պարսկամիջագետքյան եւ օսմանական դպրոցների շփման եզրերով: Հենց այս կապակցությամբ էլ հայկական քաղաքների մահմեդական կառույցներն ունեն հատակագծային-տարածական նախասիրություններ, որոնք արտահայտվել են ակնարկվող կառույցների մակերեւույթների մշակման առանձնահատկություններում, գմբեթի ու մինարեթի տարածական լուծումներում, հարդարման տարրերում, գմբեթների կոնստրուկտիվ առանձնահատկություններում, բացվածքների ձեւերում եւ այլն:



Այսպես, համեմատելով վերեւում նշված հեղինակների կողմից կատարված Շուշիի մահմեդական պաշտամունքային կառույցների էկսպեդիցիոն չափագրությունների հետ` պարզ է դառնում, որ Շուշիի տարածքում չկա մահմեդական վանքային համալիր կամ տարածքային նշանակություն ներկայացնող կրոնավորների պատրաստման մեդրեսե, ինչպիսին որ հանդիպում է Վանում, Կարինում, Սեբաստիայում, Խլաթում եւ այլ բազմաթիվ հայկական բնակավայրերում, որոնք հիմնականում Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկիայում են: Շուշիում եղած մզկիթներից` Գոխար Աղայի պաշտատեղին քաղաքի միակ Ջամին կամ ուրբաթօրյա մզկիթն է, որ իվանի եւ Սահնի հարաեւանությամբ ունի նաեւ մինբար եւ միհրաբ: Քաղաքում եղած մեսջիտները կամ թաղամասային նշանակության մզկիթները, որոնք ունեն իվանի եւ սահնի հարեւանությամբ միայն միհրաբ, հնարավոր է դասակարգել միանավ բազիլիկների (Խոջա միրջինլին, Չուխուր), գմբեթավոր բազիլիկների կամ գմբեթիկների ցանց ունեցող փոքր սյունասրահների, որոնցից կենտրոնականը ունի երդիկային լուսավորություն (Նոր մզկիթը, Մամայի մզկիթը): Կան նաեւ մզկիթներ, որոնցում ակնարկվող գմբեթիկները ուղղակի գմբեթաձեւ թաղեր են (Ներքին մզկիթ, Վերին մզկիթ), կամ այդ գմբեթիկներից միայն մուտքից դեպի կիբլան ունեն տանիքում արտահայտված գմբեթային լուծում (Շուկայի մզկիթը, Սաաթլուն): Շուշիում չկան գալերիավոր հորինվածքով նմուշներ, ինչպիսիք հանդիպում է Վանում, Բաղեշում, Այնթապում, Հաճընում, Մարաշում, Երզնկայում, Սեբաստիայում, Արծկեում եւ այլուր (*7) : Փաստորեն, բացառելով Երեւանի կապույտ մզկիթը կամ Պարսկական մեդրեսեն, Շուշիի իրարդությունը կրկնում են Երեւանի վեց մահմեդական կառույցների հորինվածքները (*8) : Մնացյալ յոթ մզկիթ անվանվածները լոկ միանավ թաղակապ փոքր զիարատներ են, այսինքն` պարզագույն սրահով կառույցներ` առանց միհրաբի, որոնք ծառայել են որպես ՙտերթոդիկյան՚ տնամերձ դպրոց քաղաքի բնակչության համար:
Ծանոթանալով Շուշիում եղած մզկիթների ներկայացված հատակագծերին եւ այլ մանրամասնող տեղեկություններին` կարելի է ընդհանրացնել, որ քաղաքում եղած ջամին եւ մեսջիտները հնարավոր է տրոհել բազիլիկ եւ, որոշ վերապահումով, գմբեթավոր բազիլիկ հորինվածքների: Վերջիններում կան նաեւ առաստաղային լուծումների տարբերակումներ` գմբեթավոր թաղով լուծված եւ թաղակապ: Ընդ որում, գմբեթավոր թաղով օրինակներում կան դեպի Մեքքայի ուղղությամբ համադրված մեկ եւ երկու գմբեթաձեւ թաղերով լուծումներ եւս: Այսպես, ներկայացվող մզկիթները, իրենց հայկական զուգահեռները ունենալով հանդերձ, ունեն ռեգիոնալ այլ զուգահեռները եւս` հանձինս հարեւան քաղաքների` Օրդուբադի, Գանձակի, Շեմախիի ու մի շարք ադրբեջանական, պարսկական, թուրքական բնակավայրերի, որոնց զուգահեռ առանձնահատկությունների ուսումնասիրությունները դեռեւս առջեւում են:
Առայժմ, ձեռքի տակ եղած նյութերով կարելի է Շուշիի մահմեդական պաշտամունքային շենքերը բնութագրել հետեւյալ առանձնահատկություններով:
1/ Հատակագծային¬տարածական լուծումներով բազիլիկ եւ սյունասրահային փոքր եւ միջին չափերի կառույցներ են:
2/ Դրանք ծավալատարածականորեն պառկած (ոչ վերձիգ) համաչափությամբ են` առավելագույնը մնալով լայնության, երկարության եւ բարձրության չափերի խորանարդաձեւ հարաբերության սահմաններում:
3/ Ճակատները սիմետրիկ են եւ պարզ, որտեղ հարթության մշակումը
սկզբունքորեն ուտիլիտար տարրերի ընդգծումով է: Ճակատների հիմնական էլեմենտը մուտքային հանգույցն է, որ հորինվածքի կենտրոնի` աղոթասրահի անմիջական հարակից տարրն է:
4/ Ճակատների միացման հանգույցները ուղղանկյուն կամ առավելագույնը
սելջուկյան շղթաներով պարզագույն ընգծումներ ունեն:
5/ Տանիքային եւ ծածկի համակարգերը թաղակապ են, իսկ սրահատիպ
օրինակներում լուծված են գմբեթաձեւ թաղերի շարքերով: Տանիքները մեծ մասամբ կեղծ են, այսինքն` գմբեթաձեւ թաղերի վրա բոլորվող բազմալանջ ծպեղնային կտուրներով: Տանիքից դեպի ճակատները անցումը սովորաբար պարզ կարնիզներով է:
6/ Դետալային լուծումները բնորոշ են անատոլյան սելջուկների
ճարտարապետական ժառանգությանը, որը մեծ ընդհանրություններ ունի հայկական միջնադարյան ժառանգության հետ: Մինարեթներում կան գլազուրի երեսպատման հետաքրքիր օրինակներ կամ աղյուսի շարվածքով դեկորի ստեղծման ուշագրավ լուծումներ: Սա ոճականորեն զուգահեռ է նաեւ իսլամական ճարտարապետության Ղաջարի ժառանգությանը:
7/ Պատային մակերեւույթները հիմնականում հարթ են, որտեղ
մուտքային հանգույցում կամ իվանի մասում հաճախակի է բացվածքների
բազմապլան լույս-ստվերային խորություն ստեղծող արտահայտչամիջոցի կիրառումը: Պլաստիկայի տեսակետից` կորագծային տարրերը հիմնականում ներմուծվել են` հանձինս մինարեթի գլանաձեւ ծավալների եւ բացվածքների կամարունքերի:
8/ Կրող տարրերը արտաքին մակերեւույթներում քարե պատերն են, իսկ
ներքին տարածություններում եւ կամարային թռիչքներում` սյուները: Սյուները օրդերային չեն, այլ միջնադարյան մոդուլային օրինաչափությամբ, որոնք սովորաբար ունեն հատած բուրգի ձեւով սկեպտիկ խոյակներ, ոչ ձգված բուն եւ պարզ պատվանդան: Խոյակների էկինուսը, ուղղանկյուն դագաղակի հաջորդականությամբ, երբեմն բուսական եւ երկրաչափական հարդարանքներ ունի: Խոյակի վզիկի մասը ընդամենը թեթեւակի ընդգծում է:
9/ Լուսամուտային բացվածքները հիմնականում ուղղանկյուն եւ
կիսաշրջանաձեւ են: Վերջինները առավելագույնը գագաթային մասում ընդամենը թեթեւակի շեշտվածություն ունեցող կամարների ձեւով են: Կան նաեւ պարսկական երկսլաք, օրորոցաձեւ կամարային բացվածքների օրինակներ:
10/ Դռները իրենց լուծումներով նման են բացվածքներին: Շքամուտքերում
հաճախակի են մահմեդական ճարտարապետության մեջ տարածում գտած երկու մինարեթով եւ կենտրոնում կամարից վերեւ բոլորվող ուղղանկյուն շրջանակով կամ ստալակտիտային լուծումով օրինակները: Սա հայկական տարածքներում սելջուկյան ժառանգություն լինելով հանդերձ, իր արմատներն ունի միջինասիական մահմեդական ճարտարապետության մեջ:
11/ Ուսումնասիրված շենքերում շարվածքը հիմնականում իրականացվել
է քարի եւ աղյուսի համադրությամբ: Այն միտիս տեխնիկայով է, ունի սրբատաշ եւ քաղաքին բնորոշ կորագծային կարաններով իրականացված տարբերակները: Վերջինը լայնածավալ կիրառություն ունի քաղաքի եւ տարածքի հայկական եկեղեցիներում, բնակելի եւ հասարակական կառույցներում: Ծածկերը հիմնականում աղյուսակերտ են` դրսից համապատասխան սվաղային շերտով:
12/ Հարդարման միջոցները, այդ թվում` քիվերն ու զարդամշակումները, հիմնականում պարզ են:
13/ Տարածական, ծավալային եւ ճակատային մշակման հորինվածքային օրինաչափությունները պարզ են, դրանք հիմնականում ռացիոնալ են եւ մետրիկ դասավորությամբ:
14/ Շուշիի ճարտարապետական ժառանգությունում, հայկական` վերը նշված քաղաքների նմանությամբ, մահմեդական պաշտամունքային կառույցները իրենց բնութագրով ընդհանուր են քաղաքի մյուս կառույցների հետ, որոնց համեմատական ուսումնասիրությունները դեռեւս առջեւում են:

Նախորդ էջ


*6 Այս մասին մանրամասն տես` A.M.Kheder, A History of Architecture in the Middle Ages, First part, Islamic Architecture, Aleppo, 1990, pp. 207-212 ( օգտված գիրքը արաբերեն լեզվով է):
*7 Նշված քաղալների կառույցների համար տես W. Bachmann, Kirchen und Moschen in Armenier und Kurdistan, Leipzig, 1913. A. Gabriel, Monuments turcs d’Anatolie, tome 1,2, Paris, 1931:1934. A.Gabriel, Voyages archeologiques dans la Turquie Orientale, tome 1,2, Paris, 1940. Ernest Diez, Oktay Aslanapa, Turk Sanaati, Istanbul, 1955. S. Yetkin, L’Architecture torque en Turquie, Paris, 1962. J.A. Mayer, Islamic Architects and their works, Geneve, 1965.Dy Ry, Art of Islam, NewYork, 1970. G. Goodwin, A History of Ottoman Architecture, London, 1971. J.Hoag, Ialamic Architecture, New York, 1977 etc. P. Tuglaci (Barsegh Tughlachian), Osmanli shehirleri, Istanbul, 1985.
*8 Տես` Երվանդ Շահազիզ, Հին Երևան, Երևանխ 1931.



 

© Բակուր Կարապետյան: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Նյութերի լրիվ կամ մասնակի օգտագործման դեպքում հղումը` www.journal.shoushi.am -ին պարտադիր է:
Ձեւավորումը` © Վազգեն Ղազարյանի: